Բաժին. Բիզնես

Չինաստանի առևտրի նախարարը Իլոն Մասկի հետ քննարկել է Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական կապերը

Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն այսօր Tesla ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ քննարկել է չին-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերը: Այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի գերատեսչությունը։

«Մայիսի 31-ին Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն հանդիպել է Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ: Կողմերը մանրամասն քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են չին-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությանը և Չինաստանում Tesla-ի զարգացմանը», – ասված է Առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել է Վան Վենտաոն, համաշխարհային տնտեսության զարգացման և մարդկության առաջընթացի համար չափազանց կարևոր է զարգացնել «բաց համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում»։

Վան Վենտաոն նաև նշել է, որ համաշխարհային տնտեսության հնարավորություններն այնքան մեծ են, որ թույլ են տալիս Չինաստանին ԱՄՆ-ի հետ գոյակցել և համատեղ զարգանալ՝ փոխշահավետ հիմունքներով։

Չինաստանի առևտրի նախարարի խոսքով՝ Պեկինն ազգային արդիականացման գործընթացում «բարենպաստ հնարավորություններ է ստեղծում բոլոր երկրների ձեռնարկությունների, ներառյալ՝ Tesla-ի զարգացման համար»։ Նա մանրամասնել է, որ ՉԺՀ-ի իշխանությունները կշարունակեն աջակցել արտասահմանյան ընկերություններին, «ապահովել նրանց երկարաժամկետ և կայուն զարգացումը»։

Իր հերթին Մասկը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն այն աջակցության համար, որը ցուցաբերվել է Շանհայում Tesla գործարանին։ Նա նշել է Չինաստանի տնտեսության զարգացման մեծ ներուժը, վստահություն է հայտնել ՉԺՀ-ի շուկայի հիանալի ապագայի հարցում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը:

Share