Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ-Ի ՓՈՐՁԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՕՐԻՆԱԿԵԼԻ

Հայաստանի մասնավոր բիզնեսի ոլորտում կառավարման մակարդակը բավականին ցածր է, սակայն օտարերկրյա փորձի ճիշտ ներդրման շնորհիվ կարելի է ապահովել արտադրողականության զգալի աճ: Այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012. Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը» զեկույցի շնորհանդեսի շրջանակներում «Բիզնես 24»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Վերջինս որպես օրինակ ներկայացրեց ՍԹԱՐ-ի գրանցած արդյունքը. «Երկու տարի առաջ ՍԹԱՐ-ն իրականացրեց արտադրողականության աճին ուղղված իր առաջին քայլը, որի արդյունքում մեր ընկերության արտադրողականությունն աճեց շուրջ 3 անգամ, և այսօր ՍԹԱՐ-ի արտադրողականության ցուցանիշի և մեր գործունեության նույն ոլորտում գրացված եվրոպական միջին արտադրողականության ցուցանիշի միջև ճեղքը տասնապատիկից իջել է մինչև 3 անգամ գերազանցող տարբերության»,- պարզաբանեց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ արտադրողականության բարձրացմանն ուղղված նման առաջին քայլի հնարավորություն ունեն բոլոր ընկերությունները:

Վահան Քերոբյանը նաև նշեց, որ երկրի մրցունակության բարձրացման համար կառավարությանն անհրաժեշտ է ոչ միայն վարել արտահանման խթանմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված քաղաքականություն, այլև անհրաժեշտ է հավասար պայմաններ ապահովել ներքին մրցակցության համար:

Նշենք, որ ՍԹԱՐ-ը հանդես է եկել որպես «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012. Կառավարման պրակտիկայի բարելավման օրակարգը» զեկույցի գործընկեր-հովանավոր:

Share