Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ն ԱՐԴԵՆ ԸՆՏՐԵԼ Է IPO-Ի ՕՐԸ

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ն, իր «երկար սպասված» IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) կիրականացնի մայիսի 17-ին: Այս մասին հաղորդում է ամերիկյան TechCrunch բլոգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընկերությունն իր IPO-ի համար ընտրել է ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսան: Ըստ վերլուծաբանների՝ Facebook-ի նման որոշումը սպասելի էր, քանի որ հենց Nasdaq բորսայում են շրջանառվում առաջատար ինտերնետային ընկերությունների մեծ մասի, մասնավորապես նաև Apple-ի, Intel-ի, Microsoft-ի և Google-ի արժեթղթերը:

IPO իրականացնելու նպատակով իր համապատասխան դիմումը Facebook-ն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) ներկայացրել էր ընթացիկ տարվա փետրվար ամսին: Ինչպես նշվում է SEC-ին ներկայացված փաստաթղթերում` Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ SEC-ի ներկայացված փաստաթղթերում Facebook-ը հրապարակել էր որոշ ֆինանսական ցուցանիշներ: Համաձայն այս ցուցանիշների՝ 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել է 3.71 մլրդ դոլար, իսկ շահույթը, մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 65%-ով, կազմել է 1 մլրդ դոլար:

Share