Տնտեսական

Արտակ Հանեսյան. առաջին անգամ Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում իրականացվում է բաժնետոմսերի տեղաբաշխում

«Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերությունը առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է անվանական ոչ փաստաթղթային «Ա» դասի հասարակ բաժնետոմսեր մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Բաժնետոմսերի քանակը 40 միլիոն է, յուրաքանչյուրը 206 դրամ արժե: Ընդհանուր ծավալը 8 միլիարդ 240 միլիոն դրամ է: Բաժնետոմսերի տեղաբաշխումը վստահված է Ամերիաբանկին:

«Ուրախ ենք, որ մասնակցում ենք փաստացի եզակի իրադարձության: Հայաստանում առաջին անգամ է, որ հեռահաղորդակցության և տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունն իրականացնում է հրապարակային բաժնետոմսերի թողարկում և տեղաբաշխում: Ամբողջ գործընթացը կազմակերպված է լինելու MyInvest հարթակի միջոցով՝ իրականացվելով օնլայն ավտոմատացված համակարգի միջոցով», – ասում է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Այսպիսով, Ամերիաբանկի օրերս գործարկված MyInvest հարթակում կարող եք ձեռք բերել «Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերության բաժնետոմսեր և կառավարել դրանք: Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարծում է, որ այսպիսով հնարավոր կլինի առավել ակտիվացնել ու զարգացնել կապիտալի շուկան Հայաստանում և հնարավորություն կտա ավելի շատ մարդու ներգրավել կապիտալի շուկայի գործիքների կիրառման գործում:

Հանեսյանի խոսքով՝ հանրային հետաքրքրվածությունը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման հարցում շատ մեծ է: Նա համոզված է՝ բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացն այս տեմպերով մինչև նախանշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը չի ձգվի և կփակվի շատ շուտ:

Հիշեցնենք՝ օրերս Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։

MyInvest-ը շուկայում առաջին հարթակն է, որտեղ հասանելի են միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաներ և 15000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսեր ու պարտատոմսեր, ինչպես նաև հայկական բաժնետմոսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։

Share