Բաժին. Բիզնես

74 ՈՒՍՈՒՑԻՉ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

 «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են Հայաստանի 2 մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծի առաջին փուլի ավարտի մասին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ 2012թ-ի փետրվարի 27-ից Հայաստանի 6 գյուղի 74 ուսուցչի համար կազմակերպվել են հատուկ համակարգչային դասընթացներ: Մանկավարժները ձեռք են  բերել համակարգչային նոր հմտություններ և ծանոթացել կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:

«Այսօր համակարգիչներ կան շատ ընտանիքներում և բոլոր դպրոցներում, և մեր նախագծի նպատակն է, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ստանալ նոր գիտելիքներ: Վստահ եմ, որ մեր համատեղ նախաձեռնության շնորհիվ ուսուցիչները կկարողանան կիրառել նոր մոտեցումներ կրթական գործընթացում, իսկ աշակերտները կստանան գիտելիքի նոր աղբյուրների հետ աշխատելու հնարավորություններ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Շնորհակալ ենք «ԱրմենՏել»-ին՝ աջակցության համար։ Այսուհետ մեր ուսուցիչներն ավելի արդյունավետ կաշխատեն երեխաների հետ, քանզի այսօրվա ՙէկրանային՚ սերունդը ավելի լավ է սովորում, երբ տեխնոլոգիաներն օգտագործվում են ուսուցման գործընթացում՚,- ասել է Սերոբ Խաչատրյանը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենը։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլն իրականացվել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արտենի գյուղերում: Երկրորդ փուլին կմասնակցի ևս 76 ուսուցիչ:

«ԱրմենՏել» ընկերության և  Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխգործակցությունն իրականացվում է երկարատև համագործակցության մասին հուշագրի շրջանակում: Փաստաթղթի համաձայն, «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:

Share