Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ – ԱՐՄԵՆՏԵԼ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է

«Սթար Դիվայդ» ընկերությունը (ՍԹԱՐ առևտրային ցանց) և «ԱրմենՏել»-ը պաշտոնապես  հայտարարեցին երկարատև համագործակցության մասին: Այսօր՝ ապրիլի 11-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր  տնօրեն  Իգոր Կլիմկոն և ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:  

Ինչպես հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում պարզաբանեցին կողմերը՝ համագործակցությունը, որն այս պահին իրականացվում է մի քանի ուղղություններով, ունի ռազմավարական նշանակություն և խոստանում է ընդլայնման մեծ հեռանկարներ: Համագործակցության մեկնարկային փուլում ՍԹԱՐ ցանցի սուպերմարկետներում կբացվեն Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, որտեղ ՍԹԱՐ-ի հաճախորդները կարող են  ստանալ «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակը:

Միևնույն ժամանակ, համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև ՍԹԱՐ ցանցի  նոր կոմերցիոն տեղեկատվական կենտրոն  (call-center): Զանգահարելով «8090» համարին՝ ՍԹԱՐ-ի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն ՍԹԱՐ սուպերմարկետների աշխատանքային ժամերի և հասցեների, անցկացվող ակցիաների, հատուկ առաջարկների, այս կամ այն ապրանքի առկայության, տարադրամի փոխարժեքի  մասին և այլն: Այս ամենից բացի, հաճախորդները կարող են հայտնել իրենց ցանկություները կամ առաջարկությունները, իմանալ թե որքան է կազմում հաշվեկշիռն իրենց  ՍթարՔարտ կուտակային քարտի վրա:

«Ծառայությունների սիներգիան հանդիսանում է համաշխարհային պրակտիկայի ժամանակակից միտումներից ինչպես հարմարավետության, այնպես էլ ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից: Մեր տեխնոլոգիաները և երկրում ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի` ՍԹԱՐ-ի աշխատանքային փորձը թույլ են տալիս հաճախորդների սպասարկումը հասցնել նոր մակարդակի: ՍԹԱՐ առևտրային ցանցն այժմ մեր ռազմավարական ընկերն է, և մենք դա համարում ենք մեծ ձեռքբերում»,-  նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր  Տնօրեն  Իգոր Կլիմկոն:    

«Մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում ՍԹԱՐ առևտրային ցանցի ընդլայնմանը զուգընթաց օրեցօր ավելանում է ցանցի հաճախորդների թիվը: Հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկումը մեր առաջնային  խնդիրներից է: Call center ծառայության կազմակերպման հարցում «ԱրմենՏել»  ընկերության ընտրությունը պայմանավորված էր վերջինիս` խոշոր ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձով, ինչպես նաև նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների վստահությամբ»,- ընդգծեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Նշենք, որ Beeline Ֆիքսված ցանցից 8090 կարճ համարին զանգն անվճար է: Beeline բջջային ցանցի համարներից զանգը տարիֆիկացվում է բաժանորդի սակագնային փաթեթին համապատասխան (զանգ ֆիքսված հեռախոսահամարին): Այլ համարներից զանգի մեկ րոպեի արժեքն անհրաժեշտ է պարզել համապատասխան օպերատորից:

ՍԹԱՐ Call center-ը թույլ է տալիս միավորել տեղեկատվական ամբողջ ծավալը` ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորում օգտագործելով: Կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` հաճախորդների հետ աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ: Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև հաճախորդի ցանկությամբ` սպասարկման ավտոմատացված համակարգից:

Ավետիսյան 48/1 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետում արդեն գործում է Beeline առաջին գրասենյակը: Մոտ ապագայում ՍԹԱՐ ցանցի մյուս սուպերմարկետներում նույնպես կբացվեն նոր գրասենյակներ:

Share