Բիզնես

Ովքեր են ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատերերը

Վերջին տարիներին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու միտում կա գործարարերի շրջանում: Հասկանալի է՝ բիզնեսն ու մեծ փողը ցնցումներ ու անորոշություն չեն սիրում: Այսպիսով, ներկայացնում ենք այն միլիարդատերերին, որոնք հրաժարվել են ՌԴ քաղաքացիությունից:

Freedom Holding-ի հիմնադիր և գլխավոր սեփականատեր Թիմուր Տուրլովի կարողությունը գնահատվում է 2,4 միլիարդ դոլար: Նա ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 2022-ի հունիսին: Գործարարը ստացել է Ղազախստանի քաղաքացիություն:

«Ես հավատում եմ, որ Ղազախստանն իր խաղաղ և հյուրընկալ քաղաքականության շնորհիվ կկարողանա կառուցել նոր, ավելի հարուստ, ավելի արդյունավետ, արդար պետություն», – այսպես է մեկնաբանել միլիարդատերն իր ընտրությունը:

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ունեցվածքը 1,3 միլիարդ դոլար է գնահատվում: Հայազգի գործարարը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել ու Արցախ է տեղափոխվել նախորդ տարվա սեպտեմբերին:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը լինի ուժեղ, ապահով, զարգացած և երջանիկ, որպեսզի այն դառնա համաշխարհային կենտրոններից մակն ու հայության կենտրոնը», – իր տեղափոխությունն այսպես է մեկնաբանել հայազգի միլիարդատերը:

Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2021-ին: 2022-ի նոյեմբերին էլ նշանակվել է ԱՀ պետնախարար և զբաղեցրել պաշտոնը մինչ ընթացիկ տարվա փետրվար:

DST Global ներդրումային ընկերության հիմնադիր Յուրի Միլների ունեցվածքը 7,3 միլիարդ դոլար է: Միլիարդատերը պաշտոնապես չի նշել ռուսական անձնագրից հրաժարվելու պատճառները, սակայն հրապարակավ հայտնել է իր անհամաձայնությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության շուրջ։

«Ես և իմ ընտանիքը վերջնականապես լքել ենք Ռուսաստանը 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։ Եվ այս ամառ մենք պաշտոնապես ավարտեցինք Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը»,- գրել էր նա իր Twitter-յան միկրոբլոգում:

Միլները պահպանում է իր իսրայելական անձնագիրը և 2011 թվականից ապրում է ԱՄՆ-ում։

Revolut-ի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկիի կարողությունը գնահատվում է 7,1 միլիարդ դոլար: Ինչ հիմնավորմամաբ է միլիարդատերը րաժարվել ՌԴ քաղաքացիությունից հայտնի չէ, աակայն Forbes-ին տված հարցազրույցում Revolut-ի ներկայացուցիչը հայտնել է, որ «հատուկ գործողության» մեկնարկից հետո ընկերությունը Ուկրաինայում իր աշխատակիցներին օգնել է տեղափոխվել այլ երկրներ կամ շրջաններ, փակել գրասենյակները Ռուսաստանում և օգնություն առաջարկեց ռուս աշխատակիցներին տեղափոխելու հարցում:

Tinkoff Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովի ունեցվածքը գնահատվում է 0,86 միլիարդ դոլար: Գործարարը հոկտեմբերի վերջին է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Նա բացատրել է, որ դեմ է Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում և չի ցանկանում կապ ունենալ տեղի ունեցողի հետ: Այժմ գործարարը Կիպրոսի քաղաքացի է:

Իգոր Մակարովի կարողությունը 2,2 միլիարդ դոլար է: Նա դեռ 2013-ին իր գազային ակտիվները վաճառել էր «Ռոսնեֆտ»-ին: Այժմ Կիպրոսի քաղաքացի է։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան Forbes-ից։ Նշվում է, որ Մակարովը ռուսական անձնագրից հրաժարվել է 2023 թվականին։

Share