Բաժին. Բիզնես

FACBOOK-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է ԵՎՍ 10%-ՈՎ

Երեկ՝ մայիսի 29-ին, բորսայական առևտրի ավարտին Facebook-ի արժեթղթերը գինը տատանվում էր 29 դոլարի մակարդակում՝ մեկ առևտրային օրվա ընթացքում գրանցելով շուրջ 9.6% անկում: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ հաջողությամբ բորսա դուրս գալուց հետո նման գնային անկումներ գրանցելու հիմնական պատճառը Facebook-ի նկատմամբ ներդրողների վստահության մարումն է: Շուկայի մասնակիցներին չի գոհացնում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի երկարաժամկետ բիզնես-ռազմավարությունը:

Արդյունքում, Facebook-ն իր շուկայական կապիտալիզացիայից արդեն կորցրել է շուրջ 25 մլրդ ԱՄՆ դոլար. մուտքային 38 դոլարից ընկերության արժեթղթերի գինը արդեն նվազել է 23.7%-ով:

Ըստ վերլուծաբանների՝ Facebook-ը ներկայումս գտնվում է անցումային փուլում և պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի իր երկարաժամկետ զարգացման ծրագրերին:

Հիշեցնենք, որ  մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում), որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել է բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար: Մայիսի 18-ին Nasdaq բորսայում մեկնարկել էր  ընկերության արժեթղթերով առևտուրը:

2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Facebook-ի զուտ շահույթը կրճատվել էր 12%-ով և կազմել 205 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված եռամսյակային հասույթն աճել էր 45%-ով և գերազանցել 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Ներկայումս Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը:

Share