Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2023-ի առաջին կիսամյակում արտադրել է ավելի քան 5.6 միլիոն ավտոմեքենա, ինչը նշված ժամանակահատվածում ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է։
Հայտարարության մեջ խումբը նշում է, որ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ խմբի արտադրությունը, որը ներառում է նաև Daihatsu և Hino ապրանքանիշերը, աճել է 10.3%-ով։
Արտադրության զգալի աճ է գրանցվել մայր ապրանքանիշում՝ 12.1%, մինչդեռ Daihatsu-ի և Hino-ի արտադրությունը փոքր-ինչ նվազել է 2022-ի առաջին կիսամյակի համեմատ՝ համապատասխանաբար 0.5% և 1.3%։
Միևնույն ժամանակ, Toyota Motor-ի ընդհանուր արտադրությունը հենց Ճապոնիայում նշված ժամանակահատվածում աճել է 20.6%-ով, իսկ դրանից դուրս՝ 4.9%։
Ամբողջ աշխարհում ճապոնական կոնցեռնը 2023 թվականի առաջին կիսամյակում վաճառել է ավելի քան 5.4 միլիոն ավտոմեքենա։ Միաժամանակ մեքենաների ճնշող մեծամասնությունը (ավելի քան 4.2 միլիոն միավոր) վաճառվել է Ճապոնիայից դուրս։ Նշենք, որ ճապոնական կոնցեռնը չորրորդ տարին անընդմեջ այս ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի կոնցեռններից։