Բաժին. Բիզնես

DIGITEC-ՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ),  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ) և այլ պետական կառույցներ կներկայացնեն պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԻՏՁՄ Մամուլի ծառայությունից:

Սպասվում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգը և ապրանքների էլեկտրոնային բաց թողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ, ներկայացվելու են ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների՝ վերջերս թողարկված պաշտոնական ինտերնետային կայքերը:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կներկայացնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը:  

Նշենք, որ Ֆորումը տեղի կունենա հունիսի 15-ին և 16-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի մուտքը միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով է, որպեսզի միջոցառում այցելեն հիմնական թիրախային խմբերը` գործարարները, տեխնոլոգիական լուծումներով և ներդրումներով հետաքրքրվող անձիք և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տոմսերի արժեքը սինվոլիկ է` 5.000 ՀՀ դրամ:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

Share