Բաժին. Բիզնես

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ Հարավային Կալիֆորնիայից ժամանած երիտասարդները ծանոթացել են Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման մշակույթին, նորարարություններին և շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին:

Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելության գիտակցությունից: Հայաստանում գործարար մշակույթի նոր մոդել առաջարկած, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող  ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է իր օրինակով ցույց տալ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի դրական ազդեցությունը: Տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առաջին հանդիպումը կայացել է 2 տարի առաջ` ԱՄՆ կատարած նրա շրջայցի ընթացքում: Հայաստանում գտնվելու հանգամանքը նույն վարժարանի պատանիների մեկ այլ խմբի հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ հաջողակ բրենդի պատմություն ունեցող ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությանը:

«Ցանկություն, վճռականություն և քրտնաջան աշխատանք: Սա է հաջողության հասնելու բանաձևը, որի հիմքում, սակայն, կարևոր տեղ է զբաղեցնում հարգանքը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ևս հարգանքի դրսևորման միջոց է` բաժանորդի, հասարակության և առհասարակ` երկրի հանդեպ: Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգում իր առանձնահատուկ տեղն ունի աշխատակիցը` ընկերության ամենաթանկ կապիտալը: Անկախ զբաղեցրած պաշտոնից և ստանձնած պատասխանատվության չափաբաժնից` գնահատելի են բոլորը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:     

Առաջատար ընկերության գլխավոր տնօրենի հետ սփյուռքահայ երիտասարդության հանդիպումը եղել է ուսուցողական և հետաքրքիր: Արտերկրում գործող հաջողակ կազմակերպությունների փորձի հետ համադրության արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները կայուն են և մրցունակ` շուկայում առաջատարի հեղինակավոր համբավը պահպանելու և հետագայում ևս առաջնորդելու համար:

Share