Բաժին. Բիզնես

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 5-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ

Հունիսի 15-ին և 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 15-ին, ժամը 10:30-ին «Արարատ» սրահում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

Ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները

Այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48% աճ: Եթե 2011թ. ֆորումին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, ապա այս տարի` 59, որից 38-ը` տեղական, իսկ 21-ը` արտասահմանյան:  

Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից.

– Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս – Կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում

– Տեխնոլոգիական սեմինարների շարք – Կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները

– “DigiTec Business”  ցուցահանդես:    

Ֆորումի մուտքը միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով է: Տոմսերի արժեքն է 5.000 ՀՀ դրամ:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումի աշխատանքային ժամերն են`  

Հունիսի 15` 10:30-18:00

Հունիսի 16` 10:00-17:00:

Share