Բիզնես

Ֆրանկո Սենսի՝ «Ռոմա»-ի հավերժ երկրպագուն ու Իտալիայի նավթային մագնատը

Ֆրանկո Սենսի. այս անուն-ազգանունը հավանաբար առավել հայտնի է ֆուտբոլային շրջանակներին, բայց նրա կենսագրությունը իտալական հեղինակավոր «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նախագահությամբ չի ավարտվում:

«Բոլորը գիտեն, որ ես երեք դուստր ունեմ՝ Ռոզելլան, Սիլվիան և Մարիա Քրիստինան: Բայց իրականում չորսն են. նրանցից մեկը «Ռոմա»-ն է»:

Չնայած անսահման էր Սենսիի մեծ սերն առ ֆուտբոլն ու իտալական ակումբը, որն իր նախագահության օրոք շռնդալից հաջողություններ էր ունենում, այնուամենայնիվ, այս իտալացին հասարակ մարդ չէր նաև ֆուտբոլային միջավայրից դուրս:

Ֆրանկոն հասարակ ընտանիքի ժառանգ չէր: Նրա հայրը՝ Սիլվիոն գործարար էր ու մեծ ֆուտբոլասեր: Ի դեպ, նա այն ֆուտբոլային ակումբի ստեղծման ակունքներում կանգնած անձ է, որի նախագահությունը ժամանակ անց պետք է ստանձներ իր որդին, ապա թոռնուհին:

Մանկության տարիներին Ֆրանկոյին հայրը հաճախ էր տանում մարզադաշտ՝ նայելու նորաստեղծ «Ռոմա»-ի հանդիպումները: Պարզ էր՝ Սենսիի ապագան կանխորոշված էր:

Ստանալով մաթեմատիկական կրթություն՝ երիտասարդ Սենսին սկսում է զբաղվել բիզնեսով, քաղաքականությամբ, ֆուտբոլով և նավթով:

Նա հիմնել ու ղեկավարում էր Italpetroli ընկերությունը, որը շուտով դառնալու էր նավթի և նավթաքիմիական ոլորտում խոշոր խաղացող: Նա նաև հետաքրքրություններ ուներ հրատարակչական և անշարժ գույքի ոլորտում։

Նա փայլուն ղեկավար էր հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Հավանաբար հենց դրա համար նա երկրորդ անգամ վերադարձավ «Ռոմա»՝ ստանձնելով ակումբի միանձնյա ղեկավարությունն այն ժամանակ, երբ ակումբը կործանման եզրին էր պարտքերի ու տևական ձախողումների պատճառով:

Սենսին երկրորդ անգամ փրկեց իտալական ակումբը: Նա կարգավորեց ակումբի ֆինանսական վիճակը, թիմ հրավիրեց հրաշալի ֆուտբոլիստների, որոնք դարձան ակումբի խորհրդանիշն ու պարծանքը: Սենսիի նախագահության տարիներին Ռոման մեկ անգամ դարձավ իտալական Սերիա A-ի չեմպիոն (2000/01), երկու անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան (2001 և 2007 թվականներին) և 2 անգամ՝ Իտալիայի գավաթը՝ Կոպպա Իտալիան (2007 և 2008 թվականներին)։

Ֆրանկո Սենսին հռոմեական ակումբում ամենաերկարն է նախագահել՝ 15 տարի: Հեղինակավոր ակումբի 20-րդ նախագահը պաշտոնից հեռացավ առողջական խնդիրների պատճառով, որոնք հանգուցալուծվեցին մահվամբ: Ֆրանկո Սենսիին այդ պաշտոնում փոխարինեց դուստրը՝ Ռոզելլան:

Ռոզելլա Սենսին 2006-ից զբաղեցնում էր իտալական ֆուտբոլային լիգայի՝ Lega Calcio-ի փոխնախագահի պաշտոնն, իսկ 2008-2011-ին նախագահել է «Ռոմա»-ն: 2010-ի հուլիսի 8-ին Ռոմայի և Italpetroli-ի ֆինանսական պահանջներից ելնելով՝ Սենսին որոշում է վաճառել թիմը 325 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակ ակումբը պատկանում էր UniCredit բանկին: 2011-ի մարտի 31-ին Սենսին հեռացավ զբաղեցրած պաշտոնից, իսկ Ռոմայի սեփականության ամբողջ իրավունքն անցավ ամերիկացի գործարար Թոմաս ԴիԲենեդետտոյին։

Անկախ ամենից՝ Սենսիների ընտանիքը «Ռոմա»-ի պատմության ակնառու գործիչներին է տվել, իսկ Ֆրանկո Սենսիի անունը մշտապես կմնա ակումբի պատմության ոսկե էջերում:

«Ի՞նչ կասեմ ինքս իմ մասին…ես Ֆրանչեսկո Սենսին եմ՝ հորս տղան ու «Ռոմա»-ի հավերժ երկրպագուն»:

Share