Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը, Կանադայի կառավարության օժանդակությամբ, կաջակցի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությանը` ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝ IFC-ը 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի բանկին, որից 4 միլիոնը կհատկացվի IFC-ի և Կանադայի` Կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կօգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին և վարկեր տրամադրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր և միջին ձեռնարկություններին:

«IFC-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործում», – ասել է «ԷյչԷսԲիՍի Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: «Հավատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ներուժը Հայաստանում մեծ է, նաև մտադիր ենք մեր ծառայություններն առաջարկել այն ընկերություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում»:

«Կլիմայական փոփոխությունների համաշխարհային մարտահրավերը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, և Կանադան հպարտությամբ է օժանդակում բնապահպանական բնույթի նման ջանքերին», – ասել է Կանադայի բնապահպանության նախարար Փիթըր Քենթը:                                 

IFC-ի Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը նշել է. «Կայուն Էներգետիկայի կիրառման ավելացումը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական առումով նպատաստավոր կլինի` հաշվի առնելով հանածո վառելիքի ներմուծումից երկրի կախվածության նվազեցումը և աղտոտման կրճատման միջոցով կյանքի որակի բարելավումը»:

HSBC Բանկ Հայաստան ընկերության հետ IFC-ի համագործակցությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրագործվող տարածաշրջանային ռազմավարության մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխությունների խնդիրներին: Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր «Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում տեղական ընկերություններին: Ծրագրին օժանդակում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:

1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

Share