Բիզնես

Մուհամեդ ալ-Ֆայեդը. Լիմոնադի բաղադրատոմսից մինչև մեծ փողեր

«Մանր կտրատում ենք մրգերը, հատապտուղները, որը կցանկանաք, կարող ենք նույնիսկ տրորել, հետո ավելացնում շաքարի օշարակ, գազավորված կամ սովորական ջուր, սառույց: Լավ խառնում ենք ու վերջ», – մի առիթով այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես է սկսել իր ճանապարհորդությունը դեպի մեծ փողեր եգիպտացի միլիարդատեր Մուհամեդ ալ-Ֆայեդը:

Խորանալ պետք չէ. սովորական լիմոնադի տնական բաղադրատոմս է, բայց սա ապագա միլիարդատիրոջ առաջին քայլն էր բիզնեսում, որն, իհարկե, նրան մեծ փողեր չբերեց, բայց տվեց մեծ փորձ:

Ձեռք բերած փորձը փորձարկման կարիք ուներ: Այնպես որ երիտասարդ ձեռներեցը ձեռնամուխ է լինում նոր բիզնես-փորձերի նոր ոլորտներում, նոր միջավայրում:

Բեռնափոխադրումներ, առևտուր, նավթավերմշակում, սպորտ… Մոհամմեդ ալ-Ֆայեդի բիզնես-պորտֆելը խիստ բազմազան է, գործունեության աշխարհագրությունը ևս՝ Եգիպտոս, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Հայիթի, ԱՄԷ և այլն:

Նա սիրում էր շատ փող, ֆուտբոլ և Մայքլ Ջեքսոնի երգերը: Ի դեպ, նա ընկերություն էր անում Ջեքսոնի հետ, իսկ երբ նախագահում էր անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբում, մարզադաշտի առաջ կանգնեցրել է Ջեքսոնի արձանը:

«Ինչի մասին է երազում միլիարդատերը…պարզ բաների: Օրինակ ես երազում եմ հանդիպել Դոդիին ու Մայքլին» նկատի ունի որդուն՝ Դոդի ալ-Ֆայեդին և Մայքլ Ջեքսոնին:

Լոնդոնաբնակ եգիպտացի միլիարդատերը օրեր առաջ մահացավ: 94-ամյա միլիարդատիրոջ կարողությունը մահվան պահին 2 միլիարդ դոլար էր: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 1493-րդն էր: Բիզնես-շրջանակաները Մուհամեդ ալ-Ֆայեդի մասին կատակում էին՝ նրան միշտ հետապնդում են մանր հաջողություններն ու խոշոր անհաջողությունները:

Մուհամեդ ալ-Ֆայեդը հենց այդպիսինն էր: Նա փոքրիկ հաջողություններից գոտեպնդվում էր, մեծ անհաջողություններից սովորում՝ փոքրիկ քայլերով հասնելով մեծ փողերի: Այնուամենայնիվ, մեծ փողերի աշխարհում մաքուր մնալ հնարավոր չէ. ամբողջ կյանքում նա մեղադրվեց կանանց նկատմամբ բռնությունների, ֆինանսական խարդախությունների համար, որոնցից նա փորձում էր պաշտպանվել բարեգործություններով: Բայց ամբողջ կյանքում նաև փորձեց որդու մահվան հանգամանքների իր վարկածն ապացուցել: Որդին՝ Դոդին արքայադուստր Դիանայի ընկերն էր: Փարիզում տեղի ունեցած վթարը երկուսի կյանքն էլ խլեց, իսկ եգիպտացի գործարարը մինչ կյանքի վերջ բրիտանական գաղտնի ծառայությանը մեղադրեց նրանց մահվան մեջ, բայց այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ այդ վթարը ծրագրված մահափորձ էր:

Share