Բիզնես

Երասխում կառուցվող մետաղաձուլարանը տեղափոխվում է այլ վայր

Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխվում է այլ վայր: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը X (նախկին Twitter) միկրոբլոգում՝ տեղեկացրելով, որ աջակցել է նյութերի և սարքավորումների տեղափոխմանը նոր վայր։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ թշնամու զինված ուժերը պարբերաբար բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ էին արձակում Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:

Կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմաված կարգով դիմել և ներպետական իրավասու մարմնի՝ ՀՀ բնապահապանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։ Նշենք նաև, որ մետաղաձուլարանը չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում։

70 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանում շինաշխատանքները թեև կրակոցների պատճառով կարճատև ընդհատումներով են ընթանում, այդուհանդերձ, «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն շարունակելու է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության համար այդքան կարևոր սահմանամերձ Երասխ համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Share