Բիզնես

Tesla-ն կուսումնասիրի Թաիլանդում գործարան կառուցելու հարցը

Ամերիկյան Tesla ընկերությունը կդիտարկի Թաիլանդում էլեկտրական մեքենաների արտադրության գործարան կառուցելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետը:

«Tesla-ն կուսումնասիրի էլեկտրամոբիլների արտադրության գործարանի կառուցման հարցը, Microsoft-ը և Google-ն էլ՝ տվյալների կենտրոնների ստեղծման հեռանկարը», – վարչապետի խոսքերն է մեջբերում Bangkok Post-ը։ Ըստ պաշտոնյայի՝ ամերիկյան այս երեք ընկերությունների ընդհանուր ներդրումները Թաիլանդի տնտեսության մեջ կկազմեն առնվազն 5 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Թաիլանդից ԱՄՆ մեկնած պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ Իլոն Մասկի հետ քննարկել է Tesla և SpaceX ընկերությունների տեխնոլոգիական լուծումների օգտագործման հեռանկարները, հանդիպումներ ունեցել նաև Microsoft-ի և Google-ի ներկայացուցիչների հետ։

Հնգամյա ծրագրի համաձայն, որն ավարտվում է այս տարի, Թաիլանդի ներդրումային խորհուրդը նպատակ ունի խթանել ներդրումները բարձր տեխնոլոգիաների, կանաչ տեխնոլոգիաների և նորարարական բիզնեսներում: Դեպարտամենտը 2018-ից մինչ օրս հաստատել է 1.8 տրիլիոն բաթ (մոտ 50 միլիարդ դոլար) օտարերկրյա ներդրումային նախագծեր։ Ներդրողների համար ամենագրավիչ ուղղություններն են էլեկտրոնիկան, նավթաքիմիական և ավտոմոբիլային արտադրությունը:

Share