Բիզնես

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի խոշորագույն արտասահմանյան ընկերությունների վարկանիշը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի խոշորագույն արտասահմանյան ընկերությունների վարկանիշը: Վարկանիշի ձևավորման համար Forbes-ն օգտագործել է INFOline գործակալության կողմից կատարված եկամուտների գնահատումները։

Եվ այսպես, կենցաղային ապրանքների ֆրանսիական մանրածախ առևտրի ցանցը՝ Leroy Merlin-ը, 2022-ի վերջին հասույթով գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն արտասահմանյան ընկերությունների Forbes-ի վարկանիշը։ Ընկերության հասույթը կազմել է 529.7 միլիարդ ռուբլի։ Վարկանիշի նախկին առաջատարը գերմանական ավտոարտադրող Volkswagen Group-ն էր, որը կորցրել է իր առաջատարությունը ռուսական շուկայից դուրս գալու պատճառով։

Վարկանիշում երկրորդը ճապոնական JT Groupe-ն է՝ 432.6 միլիարդ ռուբլի: Եռյակը եզրափակում է ամերիկյան Philip Morris International-ը՝ 399.9 միլիարդ ռուբլի։ Արտասահմանյան խոշորագույն ընկերությունների տասնյակում են նաև PepsiCo-ն (303.7 միլիարդ ռուբլի), Elo Groupe-ը (292.6 միլիարդ ռուբլի), Veon-ը (286.4 միլիարդ ռուբլի), Metro AG (223.6 միլիարդ ռուբլի), Mars-ը (201.4 միլիարդ ռուբլի), Nestle-ն (195 միլիարդ ռուբլի) և Chery Automobile-ը (147.5 միլիարդ ռուբլի):

Forbes-ը հավելում է, որ նախկինում ցանկում եղած 22 արտասահմանյան ընկերություն լքել է ռուսական շուկան։ Տարվա ընթացքում շուկայում չինական ընկերությունների թիվն աճել է (ցանկում կա 6 ընկերություն), սակայն առաջատարը մնում է ԱՄՆ-ն (մեկ տարի առաջ ցանկում կար 10 ընկերություն, այժմ՝ 6)։

Share