Բիզնես

Հայկ Եսայան. Team Telecom Armenia-ի IPO-ն հաջողությամբ ավարտվեց

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն ավարտվել է: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Թիմով մենք իրականացրեցինք մտածողություն փոխող ևս մեկ նախագիծ։ Team Telecom Armenia-ի IPO-ն հաջողությամբ ավարտվեց․ 8 մլրդ 240 մլն ՀՀ դրամի բաժնետոմսերը ամբողջությամբ տեղաբաշխված են։ Շնորհակալ ենք վստահության համար», – գրել է Եսայանը:

Այսպիսով, Team Telecom Armenia-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրեց IPO: Team-ում կարծում են, որ նոր ներդրումների շնորհիվ կարող են հավակնոտ ծրագրերն իրականացնել ավելի արագ՝ միասին զարգացնելով հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների ոլորտները և երկրի տնտեսությունը:

Հիշեցնենք՝ ընկերությունը տեղաբաշխել էր 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։ Տեղաբաշխումն իրականացվել է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ ծրագրերի իրականացմանը։

Share