Բաժին. Բիզնես

ԴԻՋԻԹԵՔ. ԱՃՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի առաջին անգամ կմասնակցի Կորեայի հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը, որը կներկայացնեն իրենց երկրի տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներն ու լուծումները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունների կողմից հայկական շուկա մուտք գործելը ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի միջոցով:

«Ցուցահանդեսը մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC և այլ ընկերությունները:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը:

 ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի ԴիջիԹեքը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում:

Share