Բաժին. Բիզնես

ԴԻՋԻԹԵՔ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Հոկտեմբերի 5-ից 7-ը կայանալիք ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա  տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մամուլի ծառայությունից՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները:

«Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ զարգացող ճյուղերից է, ապահովում է կայուն աճ, ամենաբարձր վարձատրվող ոլորտներից է: Ոլորտում առկա է որակյալ աշխատուժի պակաս, և այս բացը լրացնելու նպատակով ցուցահանդեսի շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ»,- նշել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միջոցառման տարածքում տեղադրված կլինեն հանրային համակարգիչներ, պատճենահանման սարքեր CV-ներ և այլ փաստաթղթեր տեղում բազմացման համար, կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն աշխատանքի որոնման, գործատուին ճիշտ ներկայանալու և համապատասխան փաստաթղթեր պատրաստելու հարցում:

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպոե ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Share