Բաժին. Բիզնես

Ucom հեռահաղորդակցական օպերատորի լիցենզիայի ժամկետը երկարացվել է

«Յուքոմ» ընկերության` հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնելու լիցենզիայի ժամկետը երկարացվել է 15 տարով, որի շրջանակում ընկերությունը գյուղական համայնքներում լայնաշերտ կապ կապահովի:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո:

«Յուքոմ» ընկերության` հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնելու լիցենզիայի ժամկետը երկարացվել է 15 տարով: Թույլտվություն տրամադրելու մասին որոշմամբ «Յուքոմ» ընկերությունը պարտավորվեց գյուղական համայնքներում լայնաշերտ կապի հնարավորություն ստեղծել: Կան մի շարք պարտավորություններ, որոնք ընկերությունը մեծ սիրով, պատրաստակամությամբ և որակյալ կիրականացնի»,- նշեց Յիրիկյանը՝ կարևորելով պետության դերը կապի և հեռահաղորդակցության ոլորտում նորարարական առաջընթացը խթանելու գործում:

Նրա խոսքով՝ ընկերությունը հավատում է, որ հեռահաղորդակցության ոլորտը երկրի զարգացման մի մասն է: Յիրիկյանի համոզմամբ՝ «Յուքոմ»-ն իր լուման պետք է ունենա Հայաստանի զարգացման գործում:

«Յուքոմ» գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև վերջին շրջանում ընկերության բաժանորդների դժգոհություններին՝ ընդգծելով, որ խնդիրներն առաջիկայում լուծված կլինեն:

«Պետք է նշեմ, որ մենք սկսել ենք լայնամասշտաբ աշխատանքներ մեր շարժական և ֆիքսված կապի ցանցերի վրա: Կցանկանամ տեղեկացնել մեր բաժանորդներին, որ աշխատանքներն իրականացնելու ընթացքում հին կայաններն անջատվում, ապամոնտաժվում և փոխարինվում են նորերով: Կայաններից յուրաքանչյուրի վրա աշխատանքն իրականացվում է առավելագույնը 3 օր, որի ընթացքում տվյալ կայանի մոտ գտնվող բաժանորդը ավտոմատ կերպով սկսում է օգտվել ավելի հեռու գտնվող կայանից, ինչը կապի տատանման, որակի անկման խնդիրներ է առաջացնում»,- մեկնաբանեց Յիրիկյանը՝ հայցելով բաժանորդների համբերատարությունը:

Նա շեշտեց՝ աշխատանքներն իրականացվում են ավելի արդիական և որակյալ ծառայություններ մատուցելու համար: Աշխատանքներն այս պահին տարվում են Երևանում և դրա հարակից մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում: Մինչև տարեվերջ խնդիրները լուծված կլինեն: 2024 թվականին աշխատանքներ կսկսվեն նաև այլ մարզերում:

Share