Բաժին. Բիզնես

DIGITEC-ԻՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇՈՒՐՋ 120 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Այս տարի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:

Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ICT»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:

Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն`«ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ:  Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն:

Արդեն ավանդույթ է դարձել այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունների կողմից հայկական շուկա մուտք գործելը ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի միջոցով: Ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC և այլ ընկերությունները,  որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։   

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը  տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Share