Բիզնես

Ucom-ը և World Vision Armenia-ն Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են

Ucom-ի և World Vision Armenia-ի աշխատակիցներն այսօր Վարդենիսում էին կարևոր առաքելությամբ. նրանք ջերմություն և տաք հագուստներ էին բերել Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին: Ամանորին ընդառաջ Ucom-ը չի մոռանում հատկապես այն ընտանիքների ու երեխաների մասին, որոնք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կարիք ունեն: Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի Վարդենիսի տարածքային զարգացման գրասենյակ` մասնակցելու արցախցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներին: Այցը համատեղ էր, World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ:

«Ucom-ը մարդակենտրոն ընկերություն է և մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, մենք ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,-ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերության և World Vision Armenia հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր: Այս ամենը հնարավոր է դարձել Ucom-ի աշխատակիցների և ընկերության նվիրաբերությամբ:

«World Vision Armenia-ի հանձնառությունն է առավելագույն թվով մարդկանց օգնություն հասցնել, և Ucom-ի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հասնի  այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն: Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարևորն է, և մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Երկու կառույցների ղեկավարներն այցելել են նաև Արցախից բռնի տեղահանված, 9 երեխա ունեցող Եպրաքսյա Կոնդունցի բազմազավակ ընտանիքին, զրուցել ընտանիքի հետ, ջերմություն ու հոգատարություն փոխանցել:

Ucom-ը կապի ազգային օպերատոր է, որը հանդես է գալիս կանաչ, բնապահպանական առումով մաքուր ու համայնքի բարեկեցության ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրերով:  

Հայաստանում իր գործունեությունը սկսելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր։ Տարիների ընթացքում կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվել են ավելի քան 110000 երեխա երկրի ողջ տարածքում։

Share