Բիզնես

ԱրարատԲանկն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 15-ին կայացած «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոյի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու, պատերազմի մասնակից 100 ուսանողների կրթավճարի տրամադրմանը:

Համերգը կազմակերպվել էր Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտ Ավագ Մարգարյանի մասնակցությամբ և ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ: «Մենք ու Մունք»-ն ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի երկրորդ համագործակցությունն է․ առաջինը կրում էր «Սիմֆոնիկ  Մանսուրյան» խորագիրը։

«4090-ի հետ համագործակցելով՝ մեր ոգևորությունն ավելացավ այնքան, որ մենք սկսեցինք նմանատիպ ծրագրեր ևս իրականացնել։ Նման ծրագրերը սկսեցին մուտք գործել ԱրարատԲանկ: Ես շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամին: Թվում է, թե պետք է հակառակը լինի, քանի որ հիմնադրամի ծրագրերն իրականացվեցին բանկի ջանքերով, բայց մենք ենք շնորհակալ, որովհետև, մի փոքր ֆինանսական ռեսուրսներ ուղղելով այդ՝ ավելի բարձր նպատակների իրականցմանը, մենք՝ որպես կառույց, ավելի երջանիկ և կայացած ենք համարվում»,- նշեց ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

ԱրարատԲանկից նշեցին, որ իրենց կողմից իրականցված յուրաքանչյուր ծրագրի հիմքում ընկած է գաղափար, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն:

«Նմանատիպ ծրագրերը, հատկապես կրթությանն ուղղված ծրագրերն, ԱրարատԲանկի ռազմավարության ներքո են դիտարկվում և գաղտնիք չէ, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի հիմնական ուղղությունը հենց կրթությունն է: Այս տարի, բացի 44-օրյա և քառօրյա պատերազմի մասնակիցներից, նաև Արցախից բռնի տեղահանված զինծառայողների կրթավճարի տրամադրմանն է ուղղվելու տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը»,- ասաց ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Ալլահվերդյանը հիշեցրեց՝ նախորդ տարվա համերգի հասույթից գոյացած 11 մլն 101 հազար դրամն ուղղվել էր բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 60 շահառուի, այս տարի գեներացված շահույթից օգտվելու է 100 շահառու:

«Ունենք 97 շահառուներ, ովքեր սովորում են Հայաստանի տարբեր բուհերում: Միայն մի չափորոշիչ ենք կարևորում, որ լինի պատերազմի մասնակից, մարտական գործողությունների մասնակից և նաև հաշվի եք առնում ֆինանսական և սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև առողջական վիճակը: Մեզ համար կարևոր է նաև խանդավառությունը․ ուսանողը պետք է գիտակցի, որ այս ամենն արվում է տարբեր անհատների և տարբեր կազմակերպությունների միջոցով և շնորհիվ, ուստի պետք է լավ սովորեն և անեն կամավորություն՝ տարեկան 120 ժամ»,- տեղեկացրեց «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը:

Միջոցառումն իրականցվեց միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ ներկայացվում է հայ հանդիսատեսին: Շախմատային սեանսը մեկնարկել էր ավելի շուտ, նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն ունեցան շախմատ խաղալ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և հայկական գինի:

«Շախմատը մեր ընտանիքում կարևոր դեր ունի, քանի որ ես ինքս սիրում եմ շախմատ և ժամանակին բավականին հաջողությունների եմ հասել: Առիթ կար ԱրարատԲանկի միջոցով այս միջոցառումն իրականացնել և շախմատին նվիրված ներդրումը ես չեմ կարող չողջունել, և, եթե կա հնարավորություն, չեմ կարող մասնակից չլինել»,- ընդգծեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը:

Միջոցառման գործընկերներն էին «Մուսա» գինին, «Չեսիֆայ», «Սոնատա» ընկերությունները: Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ հեղինակավոր ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները: Մասնավորապես, ներկայացվեցին Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները: Երեկոյի համերգային ծրագիրն ամբողջացրեցին հատուկ հյուր Ավագ Մարգարյանն՝ իր ինքնատիպ կատարումներով, Լևոն Մալխասյանը և Ինգա Արշակյանը։

Share