Բիզնես

Artsakh Perfume. Արցախի «Փոթորկոտ պատմություն»-ն օծանելիքի սրվակում

Արցախն այսուհետ աշխարհին հասանելի կլինի բույրի միջոցով: Մեր հայրենիքի մի հատվածի փոթորկոտ պատմությունը կհասնի Եվրոպա և ԱՄՆ «Փոթորկոտ պատմություն» սրվակով, որում Արցախի բույրն են՝ օծանելիքի տեսքով: Սա արցախցի 15-ամյա պարֆյումերի առաջին «ստեղծագործությունը» չէ, բայց առայժմ ամենակարևորն է:

Սրվակի բովանդակությունը որոշվել է դեռ շրջափակված Արցախում: Ժամանակին նպատակն ու ցանկությունը եղել է հայրենի արցախի բույրն աշխարհին հասցնելը, հիմա՝ բույրի միջոցով երբեմնի հաղթական, դժվար ու տանջալի պատմությունը, անորոշ ներկան ու երբևէ հայրենիք վերադառնալու երազանքը այլոց հասցնելն է:

««Փոթորկոտ պատմություն»-ը իմ ու իմ Արցախի մասին է: Բաղադրիչները ընտրել եմ նրանք, որոնք կային Արցախում շրջափակման ժամանակ՝ վարդ, եղևնի, յասաման և այլն: Սրվակում կան նաև կանաչ թեյի նոտաներ: Ջրային նոտաներ ևս կան օծանելիքի մեջ, որոնք էլ խորհրդանշում են դրախտի` Արցախի գետերը հատկապես աշնանը: Բույրն, իհարկե, կատարյալ չի ստացվել, քանի որ պրոֆեսիոնալ չեմ, սկսնակ եմ և ինքնուս», – ասում է պատանի պարֆյումեր Հարություն Տոնյանը։

Արցախյան բույրը արտասահմանում հասանելի կլինի ՀայՓոստի միջոցով: «Փոթորկոտ պատմություն»-ից բացի սպառողը կարող է ունենալ սրվակով ստանալ իր սեփական պատմությունը: Հարությունը հիմնականում պատրաստում է անհատական բույրեր՝ կրողի ճաշակին և բնավորությանը համապատասխան:

«Կփորձեմ հեղինակային բույրեր ստեղծել, բայց գիտեմ, որ դրանք մեծ ճանաչում դեռ չեն ունենա, երևի ավելի ամրապնդվելու, վարպետանալու համար դեռևս կաշխատեմ անհատական բույրերի ստեղծման վրա: Ապագայի պլաններ շատ ունեմ, բայց իրագործելու համար ժամանակ է պետք»:

«Փոթորկոտ պատմություն»-ը կամ ձեր պատմությունը օծանելիքի տարայում կարող եք ստանալ Artsakh Perfume-ից: Պատանի պարվյումերի խոսքով՝ Արցախի բույրը «Փոթորկոտ պատմություն» անվամբ մեծ պատմության նախաբան է միայն: Մասնագիտանալուց հետո Հարությունը որոշել է անպայման ստեղծել ավելի խորը, խորհրդավոր բույր՝ «Արցախ» անվամբ, որպեսզի աշխարհն Արցախը ճանաչի արդեն պրոֆեսիոնալ մատուցմամբ:

 

Share