Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՈԲԻԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ՄոբիԴրամի` ՎիվաՍել-ՄՏՍ-ին ամբողջապես պատկանող դուստր ընկերության ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին:

ՄոբիԴրամը ներկայացնում է հաճախորդների սպասարկման բոլորովին նոր մակարդակ` հնարավորություն ընձեռելով Հայաստանի բնակչությանն օգտվելու փոխանցման և վճարման ծառայություններից բջջային հեռախոսի` USSD հրահանգների միջոցով («*» և «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ` այցելելով ՄոբիԴրամի որևէ մասնաճյուղ:

Այսօրվա դրությամբ ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը` Երևանում, 7-ը` մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման և փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում:

ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաև «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաև բջջային և ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում` հիփոթեքի, մեքենայի, սպառողական և այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաև կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները և կատարել այլ վճարումներ` խնայելով զգալի ժամանակ և ջանքեր:

ՄոբիԴրամի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավելյալ հնարավորություն է ստեղծել Հայաստանի բնակչության համար` բջջային հեռախոսը վերածելով էլեկտրոնային ֆինանսական ծառայություններից օգտվելու պարզ գործիքի: Բացի այդ, այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնաճյուղերում զգալիորեն ընդլայնվել է վճարումների և փոխանցումների համար տրամադրվող ծառայությունների ցանկը, ինչը թույլ է տալիս բոլոր անհրաժեշտ վճարումները կատարել մեկ վայրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության առաջին և միակ օպերատորն է Հայաստանում, որը մատուցում է նորարարական` USSD հրահանգների միջոցով բջջային հեռախոսից, ինչպես նաև կայքէջի միջոցով կատարվող առցանց ֆինանսական գործառնությունների ծառայություններ` Հայաստանի բնակչությանը հնարավորություն տալով փոխանցումներ կատարել առավելագույնս արագ, հեշտ և հարմարավետ ճանապարհով:

Ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսի USSD հրահանգների միջոցով (հասանելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին), և համացանցում`այցելելով www.mobidram.am (հասանելի է Հայաստանի ամբողջ բնակչությանը):

Ծառայությունների ցանկը ներառում է էլեկտրոնային հաշվից մեկ այլ էլեկտրոնային հաշվի ակնթարթային փոխանցում, էլեկտրոնային հաշվից բանկային հաշվի փոխանցում, գումարի կանխիկացում, ամսական վճարումներ կոմունալ` ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև բջջային ու ֆիքսված կապի, և ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց:

Հատկանշական է, որ ՄոբիԴրամի միջոցով USSD հրահանգների օգնությամբ ֆինանսական գործառնություններ կարելի է կատարել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն` ՄոբիԴրամի միջոցով գործարք կատարելու համար անհրաժեշտ չէ ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց որևէ հատուկ ծրագիր ներբեռնելու:

«ՄոբիԴրամը հնարավորություն է ընձեռում հոգալու մեր հաճախորդների կարիքները` առաջարկելով հեշտ և արագ էլեկտրոնային վճարումների և ֆինանսական գործարքների ծառայություններ` գումարների կառավարման առավել արդյունավետ տարբերակով: ՄոբիԴրամի միջոցով սովորական բջջային հեռախոսը վերածվում է վճարումներ կատարելու հարմարավետ գործիքի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Որպես հեռահաղորդակցության առաջին օպերատոր, որն առաջարկում է էլեկտրոնային ֆինանսական համապարփակ ծառայություններ USSD հրահանգների միջոցով, ՎիվաՍել-ՄՏՍ-ն, իհարկե, առաջնորդվում է առավել նորարարական, արագ և արդյունավետ ֆինանսական վճարային ծառայությունների հանդեպ աճող պահանջարկով: Մյուս կողմից` ՄոբիԴրամը ստեղծելու գաղափարը համաշխարհային միտումների արտացոլումն է` ֆինանսական վճարային համակարգերի ինտեգրումը էլեկտրոնային դրամական համակարգերում: Ամենակարևորը, էլեկտրոնային հաշվի ստեղծման և կառավարման` ՄոբիԴրամի ընձեռած հնարավորությունը իդեալական ֆինանսական ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր չունեն բանկային հաշիվ կամ ցանկանում են կատարել առցանց փոխանցումներ առավել հարմարավետ ճանապարհով: Բացի այդ, ՄոբիԴրամը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի զարգացման համար», նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Share