Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը գործում է աշխարհում այլումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում, արտադրել է 19 543,8 տոննա արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտադրության ծավալն աճել է 4,9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ-ի Մամուլի ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսների արդյունքներով ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է. այս տարվա 9 ամիսների ընթացքում ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 19 113,5 տոննա՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատությամբ աճելով 7,2%-ով:

ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալում կազմել է 5,7%, ընդ որում՝ դեպի ԱՄՆ արտահանման մեջ ցուցանիշը հասել է 87%-ի:

Հաշվետու ժամանակահատվածում, 2011 թվականի առաջին ինն ամիսների համեմատությամբ, գործարանի կողմից պետբյուջե վճարված մուտքերն աճել են 16,4%-ով:

Նշենք նաև, որ ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի աճով. միջին ամսական ցուցանիշն ընթացիկ տարում կազմել է 261,7 հազար դրամ, ինչը 4%-ով ավելի է անցած տարվա մակարդակից:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում, 2000թ. մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: 

ԱՐՄԵՆԱԼ-ը ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share