Բիզնես

FIFA-ի լավագույն ֆուտբոլիստը երկրորդ ամենաշատ վաստակած մարզիկն է՝ ըստ Forbes-ի

Լիոնել Մեսի, Էրլինգ Հալանդ, Կիլիան Մբապե… և FIFA-ի լավագույնը կրկին արգենտինացի հարձակվողն է: Այս եռյակն ընդգրկված է նաև FIFA-ի 2023-ի խորհրդանշական հավաքականում:

Այս առիթն օգտագործելով՝ «Բիզնես 24»-ն անդրադարձել է այս ֆուտբոլիստների եկամուտներին:

Էրլինգ Հալանդը 2023-ի ամենաբարձր վարձարված ֆուտբոլիստներից է: Նա 32-րդն է աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող մարզիկների շարքում: 2022 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տրանսֆերը 63 միլիոն դոլար է արժեցել: 2023-2024 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 23-ամյա նորվեգացի հարձակվողը մասնակցել է 15 խաղի ու 14 գոլ հեղինակել, իսկ Չեմպիոնների լիգայում 5 խաղի է մասնակցել՝ 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը: 2023-ին նա 52 միլիոն դոլար է աշխատել:

Կիլիան Մբապեն ևս 2023–ի ամենաբարձր վարձարված ֆուտբոլիստներից է: Նա 3-րդն է աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող մարզիկների շարքում: 25-ամյա ֆրանսիացին 2023-2024 մրցաշրջանում Ֆրանսիական լիգայում 17 խաղի է մասնակցել՝ խփելով 19 գոլ: Ֆրանսիայի գավաթի խաղերում նա 1 խաղի է մասնակցել՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Արդեն այս տարի նա հասցրել է մասնակցել Ֆրանսիայի սուպերգավաթի 1 խաղի՝ 1 անգամ գրավելով մրցակցի դարպասը, իսկ Չեմպիոնների լիգայում անցկացրել է 6 խաղ՝ խփելով 3 գոլ: «ՊՍԺ»-ի հարձակվողն 2023-ին 120 միլիոն դոլար է աշխատել:

Լիոնել Մեսսիին ՖԻՖԱ-ն ճանաչեց 2023-ի լավագույն ֆուտբոլիստ: Արգենտինացի հարձակվողը 2023-ին արժանացել է նաև իր կարիերայի 8-րդ «Ոսկե գնդակին»: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում նա 2-րդն է: 2023-ին արգենտինացի հարձակվողն աշխատել է 130 միլիոն դոլար: Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023-ի ամռանը: 36-ամյա հարձակվողը, սակայն, խոստովանել է, որ երազում է վերադառնալ «Բարսելոնա» և այնտեղ ավարտել կարիերան, թեև դա արդեն անհնար է համարում:

Աշխարհի ամենաբարձր վարձատրված մարզիկը Կրիշտիանու Ռոնալդուն է: 38-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս արաբական «Ալ-Նասր»-ի կազմում: 2023-ին նա 136 միլիոն դոլար է աշխատել, մինչդեռ տարին ավարտել է առանց տիտղոսների ու մրցանակների:

Հիշեցնենք՝ 2022-ին Ռոնալդուն երրորդ ամենաշատ վարձատրված ֆուտբոլիստն էր: Երկրորդ տեղում Լեո Մեսսին էր: Այդ տարի ամենաշատը վաստակել էր Կիլիան Մբապեն: 2022-ին ամենամեծ եկամուտներն ունեցած ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share