Բաժին. Բիզնես

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2012»-ՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ

Բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2012» ցուցահանդեսը, որին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացնող տաղավարով:

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին և, առհասարակ, կրթական ոլորտի ընդհանուր բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:

Ծրագրի քառամյա գոյության ընթացքում ավելի քան 5000 ուսանողի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը 64 անգամ հանդես է եկել դասախոսությամբ:

Համագործակցության հուշագիր է ստորագրվել ընկերության և շուրջ 37 բարձրագույն կրթական հաստատության միջև, 26 բաց դռների օր է կազմակերպվել Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 450 աշակերտի համար:

Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի  ուսուցողական 6 դասընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել ավելի քան 250 ուսանող, Հայաստանի տարբեր բուհերից 200 ուսանող մասնակցել է կրթական ֆոնդ ծրագրին, շուրջ 29 համալսարան համալրվել է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով, նոր համակարգիչներով, տպիչներով, ինտերակտիվ գրատախտակներով, լուսարձակներով, փոխանջատիչներով և ժամանակակից այլ տեխնիկայով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին ինքնադրսևորվել և իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է հատուկ կարիքներով 37 աշխատակից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կարիերայի զարգացման ծրագիր է մշակել կոնկրետ նպատակով. օգնել ուսանողությանը` տեսական և գործնական գիտելիքները համադրելու հարցում: Այս կերպ մենք ցանկանում ենք տարիների ընթացքում ընկերության կուտակած գործնական գիտելիքի հսկայական պաշարը փոխանցել Հայաստանի երիտասարդներին, ինչը նրանց կօգնի ինքնադրսևորվել և ապագա կերտել հայրենիքում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կրթություն և կարիերա EXPO 2012»-ը կանցկացվի նոյեմբերի 14-ից 16-ը` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ): Ցուցահանդեսի նպատակը աշակերտությանը և ուսանողությանը  ժամանակակից կրթության վերաբերյալ համապարփակ տեղեկություններ տրամադրելն է,  կրթօջախ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև  հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի շուրջ` պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին համախմբելը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցն է:

Share