Բիզնես

Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon-ի մոտ 24 միլիոն բաժնետոմս

Ջեֆ Բեզոսն անցյալ շաբաթ վաճառել է իր հիմնած էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերության՝ Amazon-ի մոտ 24 միլիոն բաժնետոմս, որի արժեքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ կարգավորող մարմիններին:

Ըստ Standard & Poor’s-ի՝ բաժնետոմսերի վերջին վաճառքից հետո Բեզոսը շարունակում է մնալ Amazon-ի ամենամեծ բաժնետերը՝ մոտ 9% բաժնեմասով:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ձեռնարկատերը մտադիր է մեկ տարվա ընթացքում վաճառել ընկերության մինչև 50 միլիոն բաժնետոմս՝ այլ նախագծեր իրականացնելու համար։ Պլանը համաձայնեցվել է 2023-ի նոյեմբերին։ Նախատեսվում է վաճառքն իրականացնել մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Դրանց ընդհանուր արժեքը արժեթղթերի ընթացիկ գնով կկազմի մոտ 8.6 միլիարդ դոլար։

Հիշեցնենք՝ Amazon-ը հիմնադրվել է 1994 թվականին՝ որպես առցանց գրախանութ։ Այժմ այն ​​աշխարհի խոշորագույն կորպորացիաներից է, որը վաճառում է ապրանքներ և ծառայություններ համացանցի միջոցով: Բեզոսը զբաղեցնում է երրորդ տեղը Bloomberg-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նրա կարողությունը գնահատվում է 185 միլիարդ դոլար։ Գործարարը նաև ավիատիեզերական Blue Origin ընկերության հիմնադիրն է։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share