Բաժին. Բիզնես

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱ

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն՝ որպես «Ռոստելեկոմ» ընկերության  դուստր ձեռնարկություն, Հայաստանում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ` «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Ընկերությունը կմատուցի, մասնավորապես, ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ՝ ֆիզիկական անձանց համար:

«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել հանդես գալու ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության ապրանքանիշի ներքո և մատուցելու բարձրակարգ ծառայություններ հայաստանյան սպառողներին», – ասել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան շուկայում մեծ պահանջարկ կա ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ:

«Շնորհիվ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունում իրականացված ենթակառուցվածքային ներդրումների և հաշվի առնելով տեղական շուկայում ընկերության փորձն ու գործող ծանրակիշիռ կորպորատիվ հաճախորդների ցանցը՝ «Ռոստելեկոմ»-ը կայուն հիմք ստեղծեց ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի հասանելիության և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ուր առկա են զարգացման բավական լուրջ նախադրյալներ», – նշել է «Ռոստելեկոմ» ընկերության  նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը՝ հավելելով, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր  «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսել է տրամադրել իր ծառայությունները:

Հատկանշական է, որ Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո այսօր՝ դեկտեմբերի 18-ին, պաշտոնապես բացվել է կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը՝ Աբովյան քաղաքում: Նախատեսվում է, որ մինչ տարվա վերջ կգործարկվեն 5 վաճառքի սրահներ, իսկ հունվարին կբացվեն ևս 4-ը:

Նշենք, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ՝ միջազգային կապուղիների միջոցով: 2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ են իրականացվել ցանցի զարգացման ուղղությամբ: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ՝ 2013-2014թթ. ընթացքում ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները: 

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունն այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության  բաժնետոմսերի 75%-ը՝  22,5 մլն ԱՄՆ դոլարով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում՝ երկրի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը: «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայումս բջջային բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: 

Share