Բաժին. Բիզնես

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՆԵՐՔՈ ՎԱՃԱՌՔԻ 2-ՐԴ ՍՐԱՀԸ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ

Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո բացվել է կապի ծառայությունների երկրորդ վաճառքի սրահը` Աշտարակ քաղաքում: Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը:

«2012թ. դեկտեմբերին  մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո», – նշել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը՝ տեղեկացնելով. «Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, իսկ այսօրվանից «Ռոստելեկոմ» ծառայություններից օգտվելու հնարավորություն են ստանում նաև Աշտարակ քաղաքի բնակիչները: Առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է բացել ևս նմանատիպ 8 սրահներ՝ հանրապետության տարբեր քաղաքներում»: 

Ընկերության հայտարարության համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը ինտերնետի փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում բաժանորդները պետք է վճարեն 0 դրամ ամսավճար մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, իսկ հետագայում վճարումներն իրականացվելու են շուկայում մատչելի պայմաններով (ինտերնտետի սակագները՝  3 մբ/վ – 6000 դր./ամս., 7 մբ/վ – 7000 դր. /ամս., 10 մբ/վ – 9000 դր. /ամս., 15 մբ/վ – 12000 դր. /ամս): Հատկանշական է, որ Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ֆիզիկական անձանց և փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվում է անսահմանափակ ինտերնետ միանգամայն անվճար միացմամբ (այսինքն՝ առանց երկարաժամկետ պայամանագրի կնքման):

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա, կառուցված է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և տարածված է ՀՀ ողջ տարածքով՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը ավելի քան 47 քաղաքներում:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունն այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության  բաժնետոմսերի 75%-ը՝  22,5 մլն ԱՄՆ դոլարով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում՝ երկրի ողջ տարածքով:

Share