Բաժին. Բիզնես

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2012Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր՝ հունվարի 9-ին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացել է կարգավարական խորհրդակցություն, որի ժամանակ ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն, ամփոփելով 2012 թվականի գործունեությունը, դրական է գնահատել «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից իրականացված ծրագրերը:

Անդրադառնալով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2013-2015թթ. ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններին` Վարդան Հարությունյանը նշել է, որ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները եղել և մնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության գործունեության առաջնահերթությունները և այդ ուղղությամբ նախատեսված բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մաքսիմալ արդյունավետությամբ:

Խոսելով 2013 թվականի անելիքների մասին՝ Վարդան Հարությունյանը կարևորել է ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման և հետագա զարգացման ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Միաժամանակ նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի մատուցվող ծառայությունների որակի բաձրացման, սպառողների անվտանգության խնդիրների ապահովման եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին:

Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և հաշվետվություններ պատրաստել 2012 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել 2013 թվականի աշխատանքային ծրագրերը:

Share