Բիզնես

Վիվա-ՄՏՍ. Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք

Ինչպե՞ս ապրել հարուստ կենսաբազմազանություն ունեցող գյուղում, երբ կա վայրի բնությունը պահպանելու և գյուղացիական տնտեսություն զարգացնելու հարց: Վայոց ձորը հարուստ կենսաբազմազանություն ունեցող մարզերից է: Վայրի կենդանիներն այստեղ առավել հաճախ են հայտնվում: Հատկապես Շատին գյուղում ամեն օր արջ տեսնելն օրինաչափություն է դարձել: Բրդոտներն այնքան անկաշկանդ են դարձել, որ օրվա ցանկացած ժամի հայտնվում են գյուղի ցանկացած վայրում: Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը: Բնակիչները առավել զգուշավոր են դարձել, բայց գիտեն՝ պետք է պահպանել բնությունը և չվնասել վայրի կենդանիներին, եթե անգամ տուժում է իրենց տնտեսությունը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստվում են «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը տրամադրել համայնքներին: Դա կարևոր աջակցություն կլինի ֆերմերներին և կնպաստի վայրի բնության պահպանմանը: Արևային էներգիայով աշխատող ժամանակակից համակարգերը հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և հեռացնել ցանկապատումը 10-15 րոպեի ընթացքում:

2019 թվականից սկսած համակարգերը ներդրվել են 50 տեղանքում. ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 475.000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին:

Share