Բաժին. Բիզնես

2012Թ.-ԻՆ «ԱՐՄԵՆԱԼ»-Ը ԹՈՂԱՐԿԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 26 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԱՐՏԱԴՐԱՆՔ

2012թ. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ, թողարկել է  26 264 տոննա արտադրանք, որը 3,8%-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը (25 314 տ):

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայությունից՝ հաշվետու տարում սպառողներին առաքվել է 26 312 տոննա ալյումինի փայլաթիթեղ (աճը` 4,8%): Ձեռնարկությունը բեռնել է շուրջ 1800 արտահանման պատվեր, ինչը 2,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Միևնույն ժամանակ, հաշվետու տարվա արդյունքներով մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքն աճել է 5,5%-ով, իսկ պատրաստի արտադրանքի թողարկման գործակիցն աճել է գրեթե 1%-ով:

2012թ. գործարանը պետբյուջե է վճարել 1 մլրդ 641 մլն դրամ` ապահովելով ցուցանիշի գրեթե 15% աճ: Սոցիալական ապահովության հանրապետական հիմնադրամին վճարվել է 274,2 մլն դրամ (+ 6%):

Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ, որոնց ամսական աշխատավարձը 2012թ. կազմել է 260 հազար դրամից ավելի, ինչը 10%-ով գերազանցում է 2011 թվականի  համանման ցուցանիշը և գրեթե 2,2 անգամ բարձր է հայաստանյան միջին աշխատավարձից:

Գնահատելով գործարանի աշխատանքը՝ ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչևն ասել է. «ԱՐՄԵՆԱԼ-ում այսօր գործարկվում են մի շարք նախագծեր ծախսածածկման հարմար ժամկետներով, որոնք միտված են  արդյունավետության բարձրացմանը, արտադրողականության մեծացմանը և առկա սարքավորումների հնարավորությունների ընդլայնմանը: Դրանց իրագործումը թույլ կտա գործարանին հասնել տարեկան 30-31 հազար տոննա արտադրանքի մակարդակին՝ հիմնականում ներքին հնարավորությունների հաշվին»:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share