Բաժին. Բիզնես

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ԿԱՅՔ ՉԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՎՈՒՄ

Վերջին օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե որոշ հայաստանյան օգտատերեր չեն կարողանում մուտք գործել ինտերնետ ռեսուրսներ, և որպես պատճառ մատնանշվում էին ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կապուղիներով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունները:

Այս կապակցությամբ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը ՀՀ տարածքում գործունեություն է ծավալում և առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ, ուստի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կողմից որևէ կայք չի արգելափակվում:

Բացի այդ, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ օպերատորը, որն ինտերնետ հասանելիություն է ապահովում երեք միջազգային կապուղիների միջոցով, այն է՝ TELIASONERA, LEVEL 3 և ROSTELECOM՝ դրանով իսկ ապահովելով ինտերնետի անխափան մատակարարումը իր բոլոր հաճախորդներին:

Համաձայն ՌԴ օրենսդրության որոշ կայքեր (հիմնականում մանկապղծության, տեռորիստական և նմանատիպ բնույթի) արգելափակվում են ՌԴ օպերատորների կողմից ՌԴ տարածքում իրենց օգտատերերի համար: Ռուսաստանյան ROSTELECOM ընկերության կողմից ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ և այլ հայաստանյան օպերատորներին մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայության մեջ տվյալ կայքերը չեն արգելափակվում: Կան կայքեր, որոնք ֆիզիկապես տեղակայված են ՌԴ տարածքում, պարունակում են արգելված բովանդակություն և արգելափակված են բոլոր երկրների ինտերնետ օգտատերերի համար՝ անկախ կապուղու պատկանելությունից:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հավաստիացնում է, որ հայաստանյան օգտատերերը ազատ են օգտվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված և չարգելվող բոլոր ռեսուրսներից:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է: Ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները:

2012թ. դեկտեմբերից ընկերությունը հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

Share