Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Զարգացման Հայկական Բանկի Վարչության անդամ, Գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը մրցանակներ է հանձնել Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովում լավագույն զեկույցներ ներկայացրած ուսանողներին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին՝ Գրիգորի Զաքարյանը հատկապես կարևորել է տնտեսական գիտության արդի տեսությունների կիրառմամբ հետազոտությունների կատարումը՝ տնտեսական մոդելների կառուցման հարցում: «Նման միջոցառումները նաև հնարավորություն են տալիս բացահայտել գիտելիքներով հարուստ և ստեղծագործ երիտասարդներին, որոնց կարիքն այսօր այդչափ ունի բանկային համակարգը» – ասել է Գրիգորի Զաքարյանը՝ հավելելով. «Զարգացման Հայկական Բանկը մեծապես կարևորում է այս ամենը՝ առաջին քայլով սահմանելով որոշակի դրամական պարգևներ լավագույն ուսանողների համար: Նույն նպատակով նաև մենք սիրով հրավիրում ենք այս ուսանողներին անցկացնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան մեր բանկում՝ գործնականում իրենց գիտելիքները կիրառելու համար»:

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի խոսքերով՝ Զարգացման Հայկական Բանկի այս նախաձեռնությունը շատ լավ մոտիվացիա է ուսանողների համար:

Զարգացման Հայկական Բանկի կողմից դրամական մրցանակներ են ստացել Է. Հարթենյանը (առաջին տեղ, 100,000 ՀՀ դրամ), Ա. Նանյանը և Մ. Ղուկասյանը (երկրորդ տեղ, 75,000-ական դրամ) և Հ. Ադիլխանյանը (երրորդ տեղ, 50,000 դրամ):

Share