Բաժին. Բիզնես

MENU.AM-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Menu.am առաքումների միացյալ համակարգը, որն իր մեջ ներառում է մոտ 60 առաջնակարգ ռեստորաններ և սրճարաններ, գործարկել է առցանց վճարումների համակարգ:

Այսուհետ ուտելիք պատվիրելիս դրա դիմաց վճարումը կարելի է կատարել ոչ միայն կանխիկ, այլև` էլեկտրոնային տարբերակով: Համակարգը վճարումներ է ընդունում idram, WebMoney, YandexДеньги, PayPal, ինչպես նաև MasterCard եւ VISA վճարային համակարգերով:

«Ի սկզբանե Мenu.am-ի մտահղացման մեջ ընդգրկված էր առցանց վճարումներ ընդունելու գաղափարը, սակայն Հայաստանում այն դեռեւս հեշտ չէ ներդնել: Ամեն դեպքում մենք ուրախ ենք, որ այժմ արդեն կարող ենք վճարումներ ընդունել բոլոր հիմնական վճարային համակարգերով, բացառությամբ` АrCa-ի, որի հետ ինտեգրացիան փոքր-ինչ ուշանում է՝ մեզնից անկախ տեխնիկական խնդիրներից ելնելով: Ամեն դեպքում, մենք հույս ունենք օր առաջ ներառել նաև ArCa ազգային վճարային համակարգը մեր փաթեթում»,- առցանց վճարումների գործարկման կապակցությամբ ասել է Menu.am-ի տնօրեն Սեւադա Բաղդյանը: Նա ավելացրել է նաև, որ այսուհետև հաճախորդները՝ տեղացի և սփյուռքից, հնարավորություն կունենան պատվիրել եւ նվիրել ուտելիք իրենց ընկերներին և բարեկամներին:

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 15-ից Երևանում գործում է Menu.am առաջին պատվերների միացյալ համակարգը: Menu.am-ի գաղափարը հաճախորդներին տասնյակ ռեստորանների և սրճարանների միջև անաչառ ընտրության հնարավորություն ընձեռելն է` ապահովելով ուտելիքի արագ, հարմար և շահավետ պատվիրելը տնից, աշխատատեղից կամ հյուրանոցից: Menu.am-ի հաճախորդները կարող են օգտվել ինչպես համակարգի, այնպես էլ նրանում միավորված ռեստորանների և սրճարանների ակցիաներից և հատուկ առաջարկներից: 

Նոյեմբերի 7-ին Menu.am մեկնարկել էր հաճախորդների պարգևատրման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս պատվիրել ուտելիքի առաքումը անձնական կաբինետի միջոցով, կուտակել բոնուսային միավորներ և ծախսել դրանք հետագա պատվերների ընթացքում:

Share