Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ 50 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՆԵՐ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և  Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ,  նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ,  զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական  համալսարաններում սովորելուն:

Դպրոցներում խմբակների դասընթացները նախատեսվում է սկսել 2013 թվականի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում, հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտները հնարավոր կլինեն ծրագրավորել Լաբվյու, «Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո» ծրագրերի միջոցով:

Նշենք, որ այսօր ռոբոտաշինության խմբակներ առկա են Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Ախթալայում, Սիսիանում, Կապանում, Գյումրիում և Թալինում:

«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, ինչի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցների կտրամադրվեն համապատասխան ուսումնական ռոբոտների կոմպլեկտները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

«Ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: Հետևաբար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խրախուսող նախաձեռնություններին: Դպրոցական տարիքին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու՝ ներքին պահանջը, դպրոցը դարձնում են իդեալական միջավայր՝ Հայաստանում ռոբոտաշինության ամուր հիմքեր ստեղծելու համար: Վստահաբար, այս երեխաներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ուղղությամբ՝ դառնալով աշխարհի այդ գերկարևոր ոլորտում մեր երկրի մրցակցային առավելության կրողները», – նշել է Ռալֆ Յիրիկյանն՝ ընդգծելով, որ ռոբոռաշինության զարգացումը նաև որոշակիորեն կնվազեցնի «ուղեղների արտահոսքը»:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է ԱրմՌոբոտիքսը: Նպատակն է զարգացնել ռոբոտաշինությունը Հայաստանում, նպաստել ռոբոտատեխնիակյի ոլորտի ընկերությունների ստեղծմանը, կազմել ոլորտի կրթական ծրագրեր և իրականացնել ՀՀ համալսարաններում, դպրոցներում:  Ծրագրի շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձևավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ:

Share