Saudi Aramco նավթային ընկերության զուտ շահույթն ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10%-ով և կազմել 56.342 միլիարդ դոլար: Այս մասին ասվում է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ:
Միևնույն ժամանակ, երկրորդ եռամսյակում շահույթն առաջին եռամսյակի համեմատ աճել է գրեթե 7%-ով: Երկրորդ եռամսյակում Saudi Aramco նավթի վաճառքի միջին արժեքը կազմել է 85.7 դոլար՝ առաջին եռամսյակի մեկ բարելի համար 83 դոլարի դիմաց: Իսկ առաջին կիսամյակում միջին գինը մեկ բարելի դիմաց հասել է 84.3 դոլարի՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 79 դոլարի դիմաց:
Ընկերության ազատ դրամական հոսքերը հունվար-հունիսին կազմել են 41.7 միլիարդ դոլար (-29.6%): Ընկերության կապիտալ ծախսերն աճել են 16%-ով՝ կազմելով 22.96 միլիարդ դոլար:
Saudi Aramco-ից հայտնում են, որ երկրորդային հրապարակային առաջարկը թույլ է տվել թողարկել 1.7 միլիարդ արժեթուղթ՝ մեկ բաժնետոմսի համար 27.25 ռիալ (մոտ 7.3 դոլար) վերջնական գնով:
Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիան կամավոր նվազեցնում է նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով՝ 2023-ի մայիսից մինչև 2025-ի վերջ՝ ՕՊԵԿ+ մի շարք երկրների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում: 2023 թվականի հուլիսից մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջը թագավորությունը կամավոր նվազեցնում է նավթի արդյունահանումը օրական ևս 1 միլիոն բարելով: