Եվրահանձնաժողովը սահմանել է Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մշտական մաքսատուրքերը, որոնք կկազմեն 17%-ից մինչև 36․3%: Միևնույն ժամանակ, Չինաստանում արտադրված Tesla էլեկտրական մեքենաների մաքսատուրքերը գրեթե կիսով չափ կրճատվել են և սահմանվել 9%:
Այսպիսով, Եվրահանձնաժողովի վերջնական մաքսատուրքերը չինական մեքենաների վրա մնացել են գրեթե անփոփոխ՝ հուլիսի 4-ին հայտարարված ժամանակավոր տուրքերի համեմատ, որոնք տատանվում էին 17․4%-37․6% միջակայքում:
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ BYD էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքը կկազմի 17%, Geely-ն՝ 19․3%, SAIC-ը՝ 36․3%, ԵՀ հետ համագործակցած արտադրողների համար 21․3% մաքսատուրք կսահմանվի, իսկ չհամագործակցածների համար՝ 36․3%: Այս սահմանաչափերը ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ից:
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է Չինաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:
ՉԺՀ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հավելյալ մաքսատուրքերի սահմանումը խախտում է շուկայական տնտեսության սկզբունքները և միջազգային առևտրի կանոնները, խաթարում Չինաստանի և ԵՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ավտոմոբիլային արժեքների համաշխարհային շղթաները, ինչը, ի վերջո, կվնասի հենց Եվրոպային: