Բաժին. Բիզնես

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԵՎՍ 2 ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Վերաբացվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 0074 և 0097 արդիականացված փոստային բաժանմունքները: Ինչպես տեղեկացնում են «ՀայՓոստ» ընկերության Մամուլի ծառայությունից՝ յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:

«ՀայՓոստ»-ի վերափոխման ճանապարհին «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առաջնորդվում է ծառայությունների հավասար հասանելիության սկզբունքով թե’ մայրաքաղաքում, թե’ հեռավոր գյուղերում: Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Share