Բաժին. Բիզնես

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) կստանա կարողությունների զարգացման նոր տեխնիկական աջակցություն:  

Ինչպես տեղեկացնում են ՓՄՁ ԶԱԿ Մամուլի ծառայությունից՝ կառավարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին՝ երկրում կանանց ձեռներեցության ոլորտային զարգացման ծրագրի մեկնարկի հարցում օժանդակելու համար: Ծրագիրը ներառում է Հայաստանում կանանց ձեռներեցության, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման միասնական մոտեցումներ, որպեսզի վերջինները երկրի տնտեսության զարգացման մեջ ավելի մեծ դերակատարում ունենան:  

Ծրագրի իրականացմանը նպաստում է կարողությունների զարգացման տեխնիկական աջակցությունը, որն ուղղված է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների, կանանց ձեռնարկատիրական կարողությունների, Հայ-գերմանական հիմնադրամի ծրագրերի կառավարման վարչության, ինչպես նաև մասնակից ֆինանսական կառույցների  կարողությունների հզորացմանը` կանանց ձեռներեցության զարգացման հարցում: Տեխնիկական աջակցության ծրագիրը տևելու է մինչև 2015թ. դեկտեմբերը:  

Տեխնիկական աջակցության ծրագիրը նաև օժանդակելու է նախատեսվող «Կանանց ձեռներեցության ոլորտային զարգացման ծրագրի» իրականացմանը: Ծրագրի ընդհանուր նպատակն է կանանց համար ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանց համար առավել մատչելի լինեն Հայաստանում տնտեսական զարգացման հնարավորությունները: Արդյունքը լինելու է կին ձեռներեցների համար զարգացման բարելավված միջավայրի ստեղծումը:

Նշված նպատակներին և արդյունքներին հասնելու համար Տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացնելու է հետևյալ գործողությունները.

– հզորացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների, Հայ-գերմանական հիմնադրամի ծրագրերի կառավարման վարչության, ինչպես նաև մասնակից ֆինանսական կառույցների կարողությունները` կանանց ձեռներեցության զարգացման հարցում, 

– բարձրացնել կին ձեռներեցների և գործարար աջակցություն մատուցող կազմակերպությունների իրազեկությունը բարելավված վարկային հնարավորությունների վերաբերյալ:   

Բացահայտվելու են այն արժեշղթաները, որոնց մեջ կանանց դերը կարող է մեծ լինել: Տարվելու է այդ արժեշղթաների զարգացման աշխատանք: Կանայք ստանալու են ուսուցողական և ֆինանսական աջակցություն: Տեխնիկական աջակցության շրջանակում նաև նախատեսվում է աջակցություն ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների զարգացման ուղղությամբ:

Share