Բաժին. Բիզնես

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ». ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 78.7%-Ն ՈՒՆԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Փետրվարին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել «Երևան Ջուր» ընկերության բաժանորդների 78,7%-ը, 17-23 ժամ՝ 17,9%-ը, 12-17 ժամ՝ ընդամենը 3,4%-ը: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:

Փետրվար ամսվա գործունեության արդյունքների համաձայն՝ փետրվարին «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1419 կետից վերցվել է փորձանմուշներ, որոնց ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ «Երևան Ջուր» ՓԲԸ համակարգում վերսկսվել են բակային պոմպակայանների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները, որոնց դերը ջրամատակարարման բարելավման գործում զգալի է:

Մայրաքաղաքում ներկայումս գործում է 408 բակային պոմպակայան, որոնց միջոցով ապահովվում է 1188 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև մայրաքաղաքի առանձնատներով կառուցապատված որոշ թաղամասերի ջրամատակարարումը:

Share