Բաժին. Բիզնես

Բրազիլիայի Գերագույն դատարանը վերջնականապես հաստատել Է երկրում Իլոն Մասկի X ցանցի արգելափակումը

Բրազիլիայի Գերագույն դատարանի կոլեգիան պաշտպանել է անցած շաբաթ երկրի ողջ տարածքում Իլոն Մասկին պատկանող X (նախկին Twitter) սոցիալական ցանցի ամբողջական արգելափակման մասին որոշումը:

Ցանցի արգելափակմանը հավանություն են տվել կոլեգիայի բոլոր անդամները, սակայն նրանցից երեքը հայտարարել են, որ որոշումը կարող է վերանայվել, եթե X ցանցը կատարի իշխանությունների պահանջները:

X պլատֆորմը արգելափակվել է ամբողջ Բրազիլիայում, երբ լրացել է ընկերությանը տրված ժամկետը՝ իրեն նոր փաստաբան նշանակելու համար, որը պետք է ներկայացնի այն կառավարության հետ վեճում։

Արգելափակումը Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի և X-ի սեփականատեր Իլոն Մասկի միջև դիմակայության գագաթնակետն էր: Նրանց վեճը սկսվել է ապրիլին, երբ դատարանը հարթակի վարչակազմին կարգադրություն է տվել սառեցնել տասնյակ հաշիվների աշխատանքը, որոնք իբր ապատեղեկատվություն են տարածել։ Հակառակ դեպքում Բրազիլիայում ընկերության ներկայացուցչին սպառնում էր ձերբակալել, պնդում էին X ցանցում:

Ընկերությունը փակել է իր ներկայացուցչությունը երկրում և հայտարարել, որ չի ենթարկվի գրաքննության: Մասկը դատավորին անվանել է բռնակալ և բռնապետ և սպառնացել է նորից ակտիվացնել բոլոր կասեցված հաշիվները:

Օգոստոսի 30-ին Մորաիսը որոշում կայացրեց արգելափակել ցանցը, այնուհետև հարցը ուղարկեց Գերագույն դատարանի հինգ հոգանոց կոլեգիայի քննարկմանը:

Դատարանի որոշումը պարտավորեցնում է հավելվածների խանութներին, այդ թվում՝ Apple-ին և Google-ին, հնգօրյա ժամկետում հեռացնել X-ը և արգելափակել մուտքը հարթակ ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի սարքերի համար:

Հիշեցնենք, որ Բրազիլիան X ցանցի համար աշխարհի վեցերորդ խոշորագույն շուկան է: Ապրիլի դրությամբ պլատֆորմը երկրում ունեցել է մոտ 21.5 միլիոն օգտագործող:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share