Բաժին. Բիզնես

Nvidia-ի բաժնետոմսերն անկում են ապրել ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննության արդյունքում

Nvidia-ի բաժնետոմսերը գրանցել են պատմության մեջ իրենց ամենամեծ մեկօրյա անկումը ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հակամենաշնորհային օրենքների խախտման հետաքննության արդյունքում:

Իշխանությունները ծանուցագրեր են ուղարկել Nvidiaին և այլ ընկերություններին՝ չիպեր արտադրողի գործունեությունը ստուգելու համար, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Արդարադատության նախարարությունը նախկինում հարցաթերթիկներ է ուղարկել ընկերություններին, իսկ այժմ ուղարկում է իրավական հարցումներ՝ պարտավորեցնելով ստացողներին տեղեկատվություն տրամադրել: Սա կառավարության հաջորդ քայլն է պաշտոնական վարույթ սկսելու ուղղությամբ։

Ընկերության բաժնետոմսերը սեպտեմբերի 3-ին կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում նվազել են 9․53%-ով, նույնիսկ նախքան հետաքննության մասին տեղեկատվության հրապարակումը, նրա կապիտալիզացիան նվազել է 279 մլրդ դոլարով։ Հետաքննության մասին տեղեկատվության հրապարակումից հետո Nvidia-ի գինը նվազել է ևս 2․1%-ով։

Չիպեր այլ արտադրողների բաժնետոմսերը նույնպես ընկել են․

  • Intel – 8%-ով;
  • Marvell – 8․2%-ով;
  • Broadcom – 6%-ով;
  • AMD – 7․8%-ով;
  • Qualcomm – 7%-ով:

Հունիսին Nvidia-ն առաջին անգամ դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ մոտ 3․34 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով։ Ընկերությունն այժմ գնահատվում է 2․65 տրիլիոն դոլար: Ընկերության չիպերը մեծ պահանջարկ ունեն AI-ի ակտիվ օգտագործման պայմաններում:

Ըստ տարբեր գնահատականների՝ Nvidia-ն զբաղեցնում է AI չիպերի շուկայի ավելի քան 80%-ը։ Ընկերության եկամուտն աճել է ավելի քան 200%-ով երեք եռամսյակ անընդմեջ: Վերջին շրջանում աճի տեմպերը դանդաղել են։

Հետաքննության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Nvidia-ն ասաց, որ չիպերի շուկայում իր գերակայությունը պայմանավորված է որակյալ արտադրանքներով, որն ապահովում է ավելի բարձր կատարողականություն:

Share