Բիզնես

ԵՄ-ն կնվազեցնի Չինաստանում արտադրվող Tesla մեքենաների մաքսատուրքերը

Եվրահանձնաժողովը կնվազեցնի չինական արտադրության Tesla էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 9%-ից մինչև 8%-ի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Դրանց համաձայն՝ ԵՄ երկրները մտադիր են քվեարկել Չինաստանում արտադրված էլեկտրոմոբիլների համար մաքսատուրքերի մակարդակի շուրջ՝ նախքան ուժի մեջ մտնելը: Tesla-ի համար չափը կնվազի 8%-ից ցածր: Եվրոպական իշխանությունները համապատասխան որոշում են կայացրել, քանի որ «նոր տեղեկություն» են ստացել արտադրող ընկերություններից: Նշվում է, որ դրույքաչափերը կարող են շարունակվել ճշգրտվել ԵՄ-ի և ավտոարտադրողների միջև քննարկումների ժամանակ, ինչպես նաև նոր տեղեկությունների հայտնվելուն պես:

Հիշեցնենք՝ օգոստոսին Եվրահանձնաժողովը սահմանեց Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մշտական ​​մաքսատուրքերը, որոնք կկազմեն 17%-36.3%: Չինաստանում արտադրվող Tesla մեքենաների մաքսատուրքերը կրճատվել են գրեթե կիսով չափ՝ սահմանվելով 9%: BYD էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքը կազմել է 17%, Geely-ի համար՝ 19.3%, SAIC-ի համար՝ 36.3%: Մնացած այն ընկերությունների արտադրանքի համար, որոնք համագործակցել են Եվրահանձնաժողովի հետաքննության համատեքստում, մաքսատուրքը սահմանվել է 21.3%, նրանց համար, որոնք չեն համագործակցել՝ 36.3%: Այս դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 4-ից:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Լին Ցզյանը պրոտեկցիոնիզմի բնորոշ օրինակ էր անվանել ԵՄ-ի հետաքննությունը՝ չինական էլեկտրական մեքենաների սուբսիդավորման վերաբերյալ: Նա կոչ է արել ԵՄ-ին գործել ազատ առևտրին աջակցելու և պրոտեկցիոնիզմին հակադրվելու իր հանձնառության համաձայն:

Share