Բիզնես

Trump Media-ի բաժնետոմսերի արժեքը Թրամփ-Հարիս բանավեճից հետո ընկել է 17%-ով

Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերի արժեքը նախաշուկայական առևտրի ժամանակ իջել է 17%-ով՝ երեքշաբթի ԱՄՆ նախագահի ​​թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թրամփին պատկանող ընկերության արժեթղթերի արժեքի անկման պատճառը ընտրողների շրջանում Հարիսի նկատմամբ համակրանքի բարձրացումն է: Բացի այդ, դրան նպաստել է հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթի՝ նոյեմբերի ընտրություններում փոխնախագահ Հարիսին աջակցելու որոշման մասին հայտարարությունը:

«ԱՄՆ-ի նախագահական բանավեճը հասավ իր նպատակին՝ վճռական առավելություն տալով մեկ թեկնածուի ծայրահեղ սեղմ մրցավազքում», – ասում է դանիական Saxo ներդրումային բանկի համաշխարհային շուկաների ստրատեգ Չարու Չանան, որի գնահատմամբ՝ երգչուհու աջակցությունն օգնել է Հարիսին ավելի շատ կանանց և երիտասարդների իր կողմը գրավել:

Գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփը շարունակում է մնալ TMTG-ի ամենամեծ բաժնետերը, որին պատկանում է Truth Social սոցիալական ցանցը: Ընկերության եկամուտը 2023 թվականին կազմել է 4.1 միլիոն դոլար:

Share