Բաժին. Բիզնես

BANK OF CYPRUS-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Bank of Cyprus-ի տնօրենների խորհուրդը չի հաստատել Կիպրոսի խոշորագույն այս բանկի ղեկավարի և տնօրենների խորհրդի չորս անդամի հրաժարականը: Այս մասին նշվում է բանկի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ երեկ ոչ պաշտոնական տեղեկատվություն էր տարածվել, որ Bank of Cyprus-ի ղեկավար Անդեաս Արտեմիսը հրաժարական է տվել:

Ըստ Bank of Cyprus-ի կանոնադրության՝  հրաժարականի դիմումները կընդունվեն, եթե մեկ շաբաթվա ընթացքում դրանք հետ չկանչվեն:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին հաստատվել էր Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումն ու Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի (Ազգային բանկ) վերակազմավորումը:

Սպասվում է, որ Laiki Bank-ում պահվող այն հաշիվները, որոնք չեն գերազանցում 100 հազար եվրոն և ըստ Եվրամիության օրենսդրության՝ ապահովագրված են, կտեղափոխվեն Կիպրոսի բանկ (Bank of Cyprus): Մնացյալ հաշիվները, որոնք գերազանցում են 100 հազար եվրոն, ժամանակավորապես կսառեցվեն և կհարկվեն: Հարկման դրույքը, որոշ գնահատականներով, կարող է կազմել մինչև 40%: Այս որոշման կիրառման արդյունքում, ըստ սպասումների, հնարավոր կլինի ներգրավել մինչև 4,2  մլրդ եվրո:

Կիպրոսի մյուս բանկերում պահվող հաշիվները չեն ենթարկվի հարկման:

Share